«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից անց է կացվել ընդունելության միասնական քննություն

21 Հունիսի 2023, 00:00

Կրթություն

Այսօր՝ հունիսի 20-ին, անց է կացվել ընդունելության միասնական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը նշել է, որ քննությունն անց է կացվել բոլոր հինգ քննական կենտրոններում։

«Միասնական քննությանը հայտագրված դիմորդներից երեքը չեն ներկայացել։ Անցած տարվա համեմատ՝ այս տարվա դիմորդների թիվը որոշ չափով նվազել է։ Քննությունը՝  180 րոպե տևողությամբ,  անց է կացվել ըստ սահմանված կարգի։ Բողոքներ, խախտումներ կամ դժգոհություններ չեն արձանագրվել»,-ներկայացրել է Յու. Քարամյանը։

ԳԹԿ տնօրենը նշել է, որ քննության արդյունքները հայտնի կլինեն 5 օր անց՝ հունիսի 25-ին։ Իսկ մինչ այդ՝ քննության ավարտից հետո, դիմորդներն իրենց ձևաթղթերը պատճենահանել են`  հնարավորություն ունենալով ԳԹԿ atc.am կայքի միջոցով ստուգելու պատասխանների ճշտությունը։

«Հաջորդ միասնական քննությունը անց է կացվելու հունիսի 23-ին՝ «Կենսաբանություն» առարկայից՝ համար 1 և համար 6 դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում»,-իրազեկել է մեր զրուցակիցը՝ հաջողություն մաղթելով բոլոր դիմորդներին։