«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» փոփոխելու առաջարկում թուրքական պահանջների դրսևորումներ կան․ Ռուբեն Մելքոնյան

Երբ Հայաստանն անկախացավ, Թուրքիայի օրակարգում մի շարք պայմաններ ու նախապայմաններ ի հայտ եկան՝ կապված Արցախի, Հայոց ցեղասպանության և Կարսի պայմանագրի ճանաչման հետ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«1991թ-ին, երբ Հայաստանն անկախացավ, Թուրքիայի օրակարգում մի շարք պայմաններ ու նախապայմաններ ի հայտ եկան, որոնք բարձրաձայնվում էին տարբեր մակարդակներում՝ պետական հանդիպումներում, հայտարարություններում։ Դրանց մեջ առավել հայտնի էին երեքը՝ կապված Արցախի, Հայոց ցեղասպանության և Կարսի պայմանագրի ճանաչման հետ, բայց կային բազմաթիվ այլ նախապայմաններ, որոնք վերաբերում էին Հայաստանի զինանշանին, Արարատ լեռանը, անկախության հռչակագրին, Մեծամորի ատոմակայանին և այլն։ Եվ այդ կոնտեքստում շատ էր խոսվում այսպես կոչված հայկական պահանջատիրության կամ ինչպես թուրքերն են ասում՝ Մեծ Հայաստանի տեսլականի մասին։ Նրանց թիրախներից էր այդ Մեծ Հայաստանի կաղապարի արծարծումը դասագրքերում, տարբեր գիտական ուսումնասիրություններում և այլն։

Նույն բարդույթն ունի նաև Ադրբեջանը, և նրա դրսևորումները Արցախի օկուպացիայից հետո կարող ենք տեսնել նաև Ալիևի խոսքում, թե ինչպես են արձագանքում քարտեզներին, պատմական գրքերին, որտեղ խոսվում է Մեծ Հայաստանի, Հայոց պատմության մասին»,- ասել է Մելքոնյանը։

Թուրքագետը վստահ է՝ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» փոփոխելու առաջարկում ուղղակի կամ անուղղակի ձևով կարող ենք տեսնել թուրքական պայմաններից, պահանջներից ինչ-որ դրսևորումներ։

«Ես չգիտեմ՝ այդ նախաձեռնողները ծանոթ են թուրքական պահանջներին, թե ոչ, գիտակցաբար են անում, թե ոչ։ Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն կոչելը ինքնին սխալ է, բայց եթե այդ պատմությունը պետք է սահմանափակվի միայն Հայաստանի այսօրվա Հանրապետության տարածքի մասին պատմությամբ, ապա միանշանակ կարող ենք ասել՝ դա թուրքական բարդույթներից մեկի՝ Հայոց պատմության լուսավոր էջերի միտումնավոր անտեսումն է կամ դրա համար հող նախապատրաստելը»,- եզրափակել է Մելքոնյանը։19:59