«Հայորդիք» 11-րդ փառատոնը համախմբել է հայկական արվեստի սիրահարներին Մոսկվայում

30 Մարտի 2026, 20:28

Մշակույթ

Մոսկվայում կայացել է «Հայորդիք» միջազգային մրցույթ-փառատոնը, որը դարձել է հայկական մշակույթի պահպանմանը նվիրված ամենավառ միջոցառումներից մեկը։ Մասշտաբային այս նախաձեռնությունը համախմբել է տաղանդավոր պարողների, բալետմայստերների և ժողովրդական արվեստի սիրահարների։ Փառատոնի կազմակերպիչն ու գաղափարի հեղինակը «Հայորդիք» երգի և պարի համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Անահիտ Սարգսյանն է։

Փառատոնը անցկացվում է արդեն 11-րդ անգամ և տարեցտարի ավելի մեծ թվով մասնակիցների է համախմբում։ Մասնակիցների վարպետությունը գնահատել է ժյուրին՝ հայտնի կոմպոզիտոր Արա Գևորգյանի նախագահությամբ։ Ժյուրիի կազմում էին նաև Անահիտ Սարգսյանը, Վլադիմիր Գաբբեն, Վլադիմիր Մոիսեևը, Վարդան Գևորգյանը և այլք։

«Մասնակիցների մեջ պարտվողներ չկան, հաղթում է միայն հայկական պարը»,- ընդգծել է Անահիտ Սարգսյանը։

Այս տարի փառատոնին մասնակցել է 16 համույթ Ռուսաստանի տարբեր շրջաններից՝ Մոսկվայից, Մերձմոսկվայից, Չելյաբինսկից, Կալինինգրադից և այլ քաղաքներից։ Ծրագիրը ներառել է մրցութային ելույթներ, ղեկավարների համար կազմակերպված կլոր սեղան քննարկումներ, «Հայֆեստ» տոնավաճառ և համերգ։ Ամենահիշարժան իրադարձությունը դարձել է փառատոնի մասնակիցների մասնակցությամբ գալա համերգը։

Մարտի 29-ին փառատոնը եզրափակվել է ժողովրդական պարերի վարպետության դասով, որն անցկացվել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ՎԴՆԽ) «Արմենիա» տաղավարում։