Հայրս Սամվել Բաբայանի վարորդը չի եղել. գերեվարվածի դուստրը հերքում է
31 Հուլիսի 2023, 13:27
Հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի կրտսեր դուստրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից պահանջում է, որ լծակներ ունեցող կառույցը հորը ողջ և առողջ տուն վերադարձնի:
Ընտանիքը որևէ լուր չունի Վագիֆ Խաչատրյանից: Միայն գիտեն, որ Բավքի հիվանդանոցներից մեկում է: Վերա Խաչատրյանը խնդրել է միջազգային կառույցներին և հայ հասարակությանը, որ իր պայքարում իրեն միայնակ չթողնեն, քանի որ իր հոր փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուր հայ, որն Արցախի համար երբևէ պայքարել է:
«Ես հերքում եմ բոլոր տարածված լուրերը: Հայրս չի եղել Սամվել Բաբայանի վարորդը, հայրս չէր կարող այդպիսի քայլերի գնալ նույնիսկ ադրբեջանցու հանդեպ: Դուք բոլորդ պետք է ինձ օգնեք՝ հայրիկիս ողջ և առողջ վերադարձնել հայրենիք: Յուրաքանչյուրիդ հայրը կարող է լինել նրա փոխարեն: Ոչ մեկս ապահովագրված չենք»,- խնդրել է Վերան:
Վերան պատերազմից հետո բնակվում է Ջերմուկում: Ամբողջ ընտանիքը պաշարված Արցախում է: Ինքը միայնակ է մնացել իր պայքարում: Վագիֆ Խաչատրյանը աորտալ ստենոզ ունի, Կարմիր խաչի ուղեկցությամբ գալիս էր Հայաստան, որ ենթարկվեր սրտի անհապաղ բաց վիրահատության: Ադրբեջանցիները Հակարիի անցակետում նրա ձեռքից վերցրել են անձնագիրը և չեն վերադարձրել:
Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը եկել էր սատարելու Վերային ՄԱԿ-ի գրասնեյակի մոտ: Նա համոզված է, որ Կարմիր խաչի աշխատակցի ներկայությամբ մարդ առևանգելը աննախադեպ հարված է հասցնում միջազգային հումանիտար կառույցի հեղինակությանը:
«Մենք բոլորս ինչ-որ առումով Ադրբեջանի հայացքում հանցագործ ենք: Շատերը հայ տղամարդկանցից և կանանցից մասնակցել են պատերազմներին: Շատերը Ադրբեջանի տեսանկյունից հանցագործներ են: Եվ այն, ինչ կատարվել է ՀՀ քաղաքացու հետ, որն առևանգվել է Կարմիր խաչի ուղկեցությամբ, կարող է պատահել բազմաթիվ հայերի հետ»,- համոզմունք է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իբր հանցավոր խումբ ստեղծելու և 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններ իրագործելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: