Հայտարարելու որևէ բան չունենք․ ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու մասին

09 Հունվարի 2025, 11:30

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ այս պահին հայտարարելու կամ դիտարկելու որևէ բան չունի։

ԱՄն պետքարտուղարությունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը։

«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվելու Վաշինգտոնի ու Երևանի միջև:

Ավելի վաղ Երևանում կայացած ասուլիսին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու, այդ նպատակով առաջիկայում կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին, մասնավորապես, ասել էր․

«Նախ, ուզում եմ ասել, որ [հայ-ամերիկյան համագործակցությունը] ռազմավարական բնույթի չենք բարձրացնում, ռազմավարական բնույթն արդեն իսկ կա, ու մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթուղթը կամ փաստաթղթերը այս մասին, իհարկե, կան: Եվ նաև ուզում եմ ասել, որ հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների և Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյաների միջև»։

Հիմա եթերում