Հայտարարությունները չեն լուծում խնդիրները, չեն օգնում արցախցի երեխաներին. բողոքի ակցիա UNICEF-ի գրասենյակի դիմաց
01 Սեպտեմբերի 2023, 18:54
Երևանում UNICEF-ի գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ պահանջում են, որ ՄԱԿ-ը գործուն քայլեր ձեռնարկի Արցախում շրջափակման մեջ հայտնված 30,000 երեխաների իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Ակցիայի կազմակերպից Նարե Սիմոնյանը նշել է, որ Արցախում այնքան են կարևորում գիտելիքն ու կրթությունը, որ անգամ այս պայմաններում փորձում են երեխաներին դպրոց ուղարկել։
«Բայց, չկա վառելիք, երեխաները թերսնված են, որոշների մոտ հիվանդություններ կան, այսօր, անգամ, ուշաթափության դեպքեր են եղել։ Շատ լավ է, որ միջազգային կառույցները հայտարարություններ են անում, բայց եթե դրանք չեն դադարեցնում ցեղասպանությունները` ուրեմն բավարար չեն»,– նշել է Նարե Սիմոնյանը։
Նրանք հիշեցնում են` հայտարարությունները չեն լուծում խնդիրներն ու չեն օգնում արցախցի երեխաներին, որով էլ առ ոչինչ է դառնում UNICEF-ի պնդումը, թե բոլոր երեխաները հավասար են։ Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակից պահանջելու են նաև օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին հնչեցրած հայտարարությունների հիման վրա ընդունել Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև։
Ակցիայի երկու մասնակիցների ներս են թողել գրասենյակ՝ նամակը հանձնելու համար։