Հայտնի է Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ շոուի հեռարձակման ամսաթիվը

28 Մարտի 2025, 10:14

Մշակույթ

Նախորդ հեռուստաշրջանի ամենավարկանշային և ամենաքննարկվող ռեալիթի շոուներից մեկը վերադառնում է «ТНТ» հեռուստաալիքի եթեր: Հաղորդավարները կրկին կլինեն հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանն ու երգչուհի, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Օլգա Բուզովան:

Դրամական մեծ մրցանակի համար ապրիլի 6-ին պայքարի մեջ կմտնեն մի խումբ հայտնիներ, որոնք կբաժանվեն զույգերի: Նրանք իրենց հարազատների, ընկերների և գործընկերների հետ մի քանի շաբաթ շարունակ ճարպկության, արագության և տոկունության տարբեր փորձարկումներ են անցնելու Չինաստանի կենտրոնական մասում՝ Հենան նահանգում:

Իսկ գլխավոր մրցանակը՝ մեկ միլիոն յուան (11 միլիոն ռուբլի ներկայիս փոխարժեքով) կարող է վերցնել միայն նա, ում կհաջողվի հաղթահարել մրցաշրջանի եզրափակիչ առաջադրանքը։ «Կայսեր գանձերը» շոուի նոր եթերաշրջանը կհեռարձակվի ամեն կիրակի, ժամը 18:00-ին: