Հայտնի են «Սլավյանսկի բազար-2024» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչների անունները

03 Մարտի 2024, 13:11

Մշակույթ

«Սլավյանսկի բազար-2024» ամենամյա երաժշտական հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնեն Յանա Ստեփանյանն ու Սյուզաննա Մելքոնյանը:

9-ամյա Յանա Ստեփանյանը, որը հայաստանյան նախընտրական փուլում ներկայացել է նախ Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա՝ Ալլա Պուգաչովայի երգացանկից «Այսբերգ» երգերով, Հայաստանը «Սլավյանսկի բազար-2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում կներկայացնի 8-14 տարեկան տարիքային խմբում: Մրցույթն անցկացվելու է հուլիսի 9-15-ը:

«Սլավյանսկի բազար-2023» 33-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը: Նրա թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում, իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:

Նշենք, որ «Սլավյանսկի բազար 2023» հեղինակավոր մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը և դարձել մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանանալով Գրան պրի մրցանակի: Իսկ մանկական կատարողների մրցույթում 10-ամյա Անահիտ Գալստյանը արժանացել է երկրորդ մրցանակի։