Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 3-րդ փուլ անցած մասնակիցների անունները

10 Հունիսի 2023, 18:00

Մշակույթ

Հայտնի են Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 3-րդ՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ Խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակի համար կպայքարեն Արինա Անտոնոսյանը (Հայաստան), Անդրեյ Կուրբետը (Հայաստան), Յուտո Կիգուջին (Ճապոնիա), Ռուբեն Կոզինը (Հայաստան-Ռուսաստան)։

Վաղը կմեկնարկի մրցույթի եզրափակիչ փուլը։ Դաշնակահարները հանդես կգան մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եզրափակիչ փուլում մասնակիցները պետք է կատարեն երկու կոնցերտ, որոնցից մեկը՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը։

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է: