Հազարավոր հայեր Մոսկվայի հայկական եկեղեցում մասնակցել են ճրագալույցի պատարագին

21 Ապրիլի 2025, 22:30

Մշակույթ

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Սուրբ Հարության ճրագալույցի պատարագ՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ։

Մոսկվայից ու Մոսկվայի մարզից հազարավոր հայեր մասնակցել են Քրիստոսի հարությանը նախորդող պատարագին։ Մեր հայրենակիցների մի մասը պատարագին հետևել է եկեղեցու բակում դրված մեծ էկրանից։

Պատարագի ավարտին, ըստ ավանդույթի, հավատացյալ ժողովուրդը եկեղեցուց դուրս է եկել ճրագներով։

Կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության լույսը, որ մարդիկ տանում են տուն՝ Զատիկի սեղանին դնելու համար։

Մոսկվայի մեր հայրենակիցները եկեղեցի էին եկել Զատիկի սեղանի մթերքներից պատրաստված զամբյուղներով, որոնք պատարագից հետո օրհնել է քահանան։

40-օրյա պահք պահած մարդիկ պահքից դուրս գալիս սկզբում սնվում են Զատիկի ավանդական ուտեստներով։

Ի դեպ, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում նկարահանման ժամանակ հանդիպել ենք երգչուհի Տաթև Ասատրյանին, որը նույնպես մասնակցում էր պատարագին։

Alpha News-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ այս օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում է մենահամերգի փորձերին մասնակցելու համար։

Մայիսի 3-ին Մոսկվայի «Լայվ Արենա» համերգասրահում տեղի կունենա Տաթև Ասատրյանի առաջին մեծ մենահամերգը։