Մոտ 1,1 հազար բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետում
25 Նոյեմբերի 2024, 19:34
Նոյեմբերի 25-ի տվյալներով՝ մոտ 1,1 հազար բեռնատար սպասում է Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ռուս-վրացական սահմանն անցնելուն։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 25-ի առավոտյան էլեկտրոնային հերթում գրանցված է 1100 բեռնատար: Տոմաևը նաև հավելել է, որ Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, մաքսային և սահմանապահ ծառայություններն աշխատում են բնականոն ռեժիմով:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանի տարածքով Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։