ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական վարչության պետ Հայկ Ղոսալմյանն ազատվել է աշխատանքից
05 Օգոստոսի 2025, 13:00
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը՝ Հայկ Ղոսալմյանը՝ նշելով, որ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։
«Տարաձայնություն եմ ունեցել աշխատանքային հարաբերությունների հետ կապված, որոշել եմ իր սեփական դիմումի համաձայն դուրս գալ աշխատանքից»,– ասաց Հայկ Ղոսալմյանը՝ չցանկանալով նշել տարաձայնությունների պատճառները։
Հայկ Ղոսալմյանը ՀԾԿՀ–ում է աշխատում 1997 թվականից սկսած:
«Ստեղծման օրվանից աշխատում եմ։ Ինչպես ասում են՝ ամեն բան ունի իր տրամաբանական ավարտը, ունի սկիզբ և վերջ»,-նշել է Ղոսալմյանը։
NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայկ Ղոսալմյանի հրաժարականը կապված է ՀԷՑ-ում տեղի ունեցող գործընթացների հետ, եւ աշխատանքային տարաձայնությունները, որոնց մասին նա նշում է, ծագել են հենց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո: Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչությունը, որը ղեկավարում էր Հայկ Ղոսալմյանը, առնչվում է այն գործառույթների հետ, որոնք ՀԷՑ–ում այժմ իրականացնում է Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ ամենայնի, կամ Հայկ Ղոսալմյանը թերացել է, և նրան առաջարկել են դիմում գրել, կամ, համարելով գորցընթացը հակաօրինական եւ գիտակցելով ապագա պատասխանտվության աստիճանը, նա որոշել է մասնակցություն չունենալ գործընթացներին։