ՀԾԿՀ-ն մտադիր է կրկին մերժել «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի վաճառքի հայտը
16 Հունվարի 2024, 20:26
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է մերժել «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հայտը:
Այս հարցով նիստը նշանակված է հունվարի 17-ին։ Որպես հիմնավորում նշվում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության առարկությունը։
2023 թվականի նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ-ն հավանություն է տվել կիպրական Fedilco Group Limited ընկերության վերահսկողությանը հանձնելու «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասը, որը պատկանում է Aramayo Investments Limited-ին։ Նշվում էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը և ՀՀ ԱԱԾ-ն առարկություններ չունեն այս գործարքի վերաբերյալ։
Fedilco Group Limited-ի նմանատիպ հայտը հանձնաժողովի կողմից մերժվել է 2023 թվականի ապրիլին։ Այն ժամանակ որպես պատճառ նշվում էր ԱԱԾ-ի առարկությունը։