ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը գործում է շատ սանձարձակ. Ղազինյան

27 Օգոստոսի 2025, 12:28

Տնտեսություն և Բիզնես

ՀԾԿՀ-ն պետք է կասեցնի ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի գործունեությունը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:

«Բոլորս տեսնում ենք, որ կառավարիչը գործում է շատ սանձարձակ, առանց իր իրավունքներն իմանալու»,- ասել է Ղազինյանը:

Ղազինյանը նշել է, որ կառավարության աշխատակազմը գրությամբ ընդունել է, որ արբիտրաժային դատարանի հրատապ որոշումը պարտադիր է կողմերի համար կայացման պահից։ «Պատասխանում գրասենյակի ղեկավարը նշում է, որ վարույթի կասեցումը պարտադիր չէ։ Մենք էլ ենք ասում, որ դա պարտադիր չէ։ Այսինքն՝ հանձնաժողովը մինչև այս վերջին օրենսդրական փոփոխությունները իրավունք ուներ վարույթ հարուցելու, քննելու և որոշում կայացնելու, բայց արբիտրաժը հստակ նշում է, որ պետք է սահմանափակվի կառավարիչ նշանակելու իրավասությունը։ Ստացվում է մի իրավիճակ, որ հիմնավոր կասկած ունենք՝ կառավարությունը իմիտացիա է ստեղծում, որ տվեցինք մեր կարծիքը, բայց հանձնաժողովն անկախ մարմին է, ինքը պետք է որոշի»,- հավելել է Ղազինյանը: