ՀԷՑ-ի վերազինման ներդրումները 2024-2034թթ. կկազմեն 305 մլրդ դրամից ավելի. ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն
07 Հոկտեմբերի 2024, 20:30
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը բացառիկ հարցազրույց է տվել Alpha News-ին, որում անդրադարձել է հոսանքի անջատումների շուրջ դժգոհություններին, ներկայացրել խափանումների պատճառները եւ խոսել ընկերության բաշխիչ ցանցի վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրերի ընթացքից։
Կարեն Հարությունյանի խոսքով՝ Երեւանում ամռանը հաճախակի դարձած էլեկտրաէներգիայի անջատումները պայմանավորված են եղել մի քանի գործոնով, ընդ որում՝ որոշ դեպքերում խափանումները ՀԷՑ-ի պատասխանատվության տիրույթում չեն եղել։
«Պատճառները եղել են սուբյեկտիվ եւ օբյեկտիվ: Առաջինը՝ բաշխիչ ցանցի մաշվածությունն է: «Տաշիր» ընկերությունների խումբը ցանցն ընդունել է 80%-ից ավելի մաշված վիճակում։ ՀԷՑ-ի գերխնդիրն է փոխարինել սարքավորումները, բայց երկրի ամբողջ համակարգը հնարավոր չէ միանգամից արդիականացնել եւ դա առայժմ անում ենք առավել խոցելի կետերում: Երկրորդ պատճառն այն է, որ բաշխիչ ցանցը, բնակչության էլեկտրամատակարարման մասով, ի սկզբանե նախագծվել եւ կառուցվել է ռադիալ, առանց պահուստային սնուցման սկզբունքի, որի արդյունքում սխեմայի մի հատվածի ընդհատումը բերում է ամբողջ սխեմայի հոսանքազրկման։
Երրորդ պատճառը Երեւանում, հատկապես Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում աննախադեպ ծավալների կառուցապատման ու էլեկտրաէներգիայի սպառման աճն է: Երեւանում ավելացել է շուրջ 68 000 բաժանորդ, որից 40 000-ն արդեն միացվել է ցանցին:
Չորրորդ պատճառն այլ պատկանելության էլեկտրատնտեսությունների վատթար վիճակն է, որը հանգեցրել է հոսանքազրկումների, ինչպես, օրինակ՝ Կառավարության շենքում, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Աբովյանում ֆուտբոլային խաղի ժամանակ, ինչպես նաեւ «Երեւան ՀԷԿ-ի էլեկտրական ենթակայանում գրանցված հրդեհը: Այդուհանդերձ, մենք բոլոր նշված դեպքերում աջակցել ենք այդ կառույցներին կարգի բերել իրենց բալանսում գտնվող էլեկտրատնտեսությունը»,- ասել է Կարեն Հարությունյանը:
Էլեկտրաէներգիայի ընդհատումներին զուգահեռ դժգոհություններ կային նաեւ 1-80 զանգերի կենտրոն չմիանալու հետ կապված: Օպերատորի հետ կապ հաստատել չի ստացվում, քանի որ հոսանքազրկումների ժամանակ զանգերը շատ են լինում եւ բոլորին միաժամանակ սպասարկել հնարավոր չէ: Փոխարենը ՀԷՑ-ը բաժանորդներին առաջարկում է 1-80 զանգել, սեղմել 2-րդ կոճակը եւ հավաքել իր բաժանորդական քարտի համարը կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը եւ անհրաժեշտ տեղեկությունը ստանալ։
Բաժանորդը կարող է նաեւ 1-80 զանգելով ձայնային հաղորդագրություն թողնել, որին կպատասխանեն հետզանգի միջոցով եւ տեղեկություն կտրամադրեն հոսանքազրկումների վերաբերյալ: Բաժանորդները կարող են նաեւ ՀԷՑ-ի կայքում ստեղծել անձնական գրասենյակ եւ տեղեկատվություն ստանալ իրենց՝ որպես բաժանորդի առնչվող փաստաթղթերի մասին:
«Հայաստանի էլեկտրական ցանցերը», եթե սահմանված ժամկետում չի վերացնում առաջացած վթարը, ապա փոխհատուցում է բաժանորդին: Քաղաքային համայնքների դեպքում ընկերությունը պետք է վթարը վերացնի մինչեւ 4 ժամում, իսկ գյուղական համայնքների դեպքում ՝8 ժամում։
«Այդ տույժերը հաշվեգրվում են որպես բաժանորդի կողմից վճարում ընկերությանը, սա նշանակում է, որ նվազեցվում է այն պարտավորությունը, որ պետք է բաժանորդը վճարի ձեռքբերված էլեկտրաէներգիայի համար։ Այս տարվա ընթացքում ՀԷՑ-ը ավելի քան 170 մլն դրամի չափով փոխհատուցել է բաժանորդներին: Սա մեծ թիվ է, որի մեջ ընդգրկված է նաեւ այլ ընկերությունների գործունեության հետեւանքով առաջացած վթարների ծախսերը: Ներկայում քննարկվում են մեխանիզմներ, որ եթե այլ ընկերության պատճառով հոսանքազրկում է եղել, որը ժամանակին հնարավոր չի եղել վերացնել, ապա պատասխանատվություն կրի վնաս տվող ընկերությունը»,- ասել է Կարեն Հարությունյանը։
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է նաեւ 2016-ից 2024 թվականի ավարտը նախատեսված ներդրումային ծրագիրը, որն ուղղված է բաշխիչ ցանցի վերազինմանը: ՀԷՑ-ի տնտեսության արդիականացմանն այդ 8 տարիների ընթացքում ուղղվել է ավելի քան 270 մլրդ դրամ։
Ծրագրի շրջանակում ընկերությունը ներդնում է նաեւ սմարթ հաշվիչների համակարգ: ՀԷՑ-ն այսօրվա դրությամբ տեղադրել 650 000 սմարթ հաշվիչ: Համակարգին միացված բաժանորդները կարող են առցանց հետեւել հաշվիչի ցուցմունքներին:
ՀԷՑ-ն իրականացնում է նաեւ Երեւանի բաշխիչ ցանցի վերակառուցում։ Մասնավորապես, կարդիականացվի Փոքր Կենտրոնի էլեկտրամատակարարման ցանցը։
«Այս ծրագիրն արդեն հաստատված է, բառացիորեն առաջիկա օրերին սկսվելու է դրա իրագործումը։ Ներդրումների ծավալը կազմում է շուրջ 6,1 մլրդ դրամ։ Ակնկալվում է ունենալ ժամանակակից բաշխման համակարգ, որը հուսով եմ երկար տարիներ հիմնանորոգման կարիք չի ունենա։ Բաժանորդների համար ունենալու ենք բարվոք վիճակ: Այս ծրագիրը շարունակական է լինելու, հաջորդ քայլը կլինի Մեծ Կենտրոնի եւ Արաբկիրի էլեկտրամատակարարման ցանցն արդիականացնելը։ Սա իրականացնելու համար պահանջվելու է շուրջ 2-ից 3 տարի, սա այն դեպքում, երբ բոլոր շինթույլտվությունները, հողհատկացումներն իրականացվեն սովորականից շատ ավելի արագ»,- նշել է Կարեն Հարությունյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նաեւ ՀԷՑ-ի՝ առաջիկա տասը տարիների՝ 2024-2034 թվականների ներդրումային ծրագիրը, որի արժեքը ավելի քան 305 մլրդ դրամ է: Այս գումարն ուղղվելու է ցանցերի վերազինմանն ու արդիականացմանը, ցանցին նոր սպառողների միացմանը, առեւտրային հաշվառման համակարգի եւ սմարթ հաշվիչների ներդրմանը:
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ ընկերության ներդրումային ծրագրերն այնպես են նախագծվել, որ էական ազդեցություն չունենան սակագնի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում։