Հելենի մայրը Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասենյակի դիմաց ակցիա է իրականացնում` պահանջելով աղջկա մարմինը
19 Օգոստոսի 2023, 16:41
Շրջափակված Ստեփանակերտում՝ Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, այսօր ակցիա է իրականացրել արցախցի աղջկա` Հելենի մայրը, որի մարմինը Ադրբեջանը չի թույլատրվում տեղափոխվել Արցախի։
Ծնուդով արցախցի աղջիկը Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերից է։ Նա ուսման նպատակով Երևանում էր, իսկ ընտանիքի շրջափակված Արցախում է գտնվում։
«Ես մայր եմ և ընդամենը ցանկություն ունեմ կենսաբանորեն, մտավոր, հոգեբանորեն, իմ ազգին ու հավատքին հավատարիմ` ստանալ աղջկաս դին, որ այստեղ հուղարկավորեմ» ,- ասել է Հելենի մայրը՝ հավելելով, որ մինչ այժմ գրավոր պատասխան չի ստացել, թե ինչու աղջկա դին չեն կարող տեղափոխել Արցախ:
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Panorama.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ փորձում են շարունակել երկխոսությանը Հելեն Դադայանի աճյունի տեղափոխության շուրջ՝ հույս ունենալով, որ կողմերի համապարփակ համաձայնություն կլինի տեղափոխության շուրջ, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց գործողությունը կատարել։
«Սա մեր իրավասության մեջ չի գտնվում։ Մենք չենք որոշում կայացնողը, մենք միջնորդ ենք այդ հարցում, որոշում կայացնում են կողմերը։ Մեզ համար կարևոր է հարցը շարունակաբար ուշադրության կենտրոնում պահել՝ հույս ունենալով որևէ փոփոխություն կլինի ու գործողությունը հնարավոր կդառնա։ Մենք որևէ երաշխիք չենք տալիս, միայն ասում ենք՝ պատրաստակամ ենք և կանենք ամենը, սակայն որոշում են կողմերը»,- ասել էր նա։
21-այա Հելեն Դադայանը Արցախի Ճարտար գյուղից էր, Հելենը սովորում և աշխատում էր Եվրասիա Համալսարանում։ Նրա ընտանիքը Արցախում շրջափակման մեջ է։
Հիշեցնենք նաև՝ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով Հելենի մարմինը տեղափոխել հայրենիք՝ հուղարկավորելու համար: