Հենրիկ Իգիթյան. 20-րդ դարի հայ արվեստի գաղափարական ոգեշնչողը
05 Մարտի 2025, 23:31
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 5-ը արվեստաբան, ՀՀ վաստակավոր արտիստ Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրն է:
Իգիթյանը ծնվել է 1932 թվականի մարտի 5-ին Թբիլիսիում։ Հետագայում նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ միջնակարգ կրթությունը ստացել է Կիրովի անվան դպրոցում։ Մանուկ հասակում նրա մոտ սեր է դրսևորվել արվեստի հանդեպ, սակայն դպրոցն ավարտելուց հետո ընտրել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտել է 1956 թվականին։
1954-1961 թվականներին Հենրիկն աշխատել է Երևանի Չայկովսկու անվան տասնամյա երաժշտական դպրոցում, սկզբում որպես ավագ ջոկատավար, ապա՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ։
1960 թվականին աշխատանքի է անցել Հայաստանի ազգային պատկերասրահի հայ արվեստի բաժնում։ Այնուհետև ընդունվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանական ֆակուլտետը։
Հայաստանի ազգային պատկերասրահն օգնել է նրան խորանալու դասական և ժամանակակից կերպարվեստի մեջ, խորապես հետազոտել հատկապես Հովնաթանյանների արվեստը, որը նրան շատ հոգեհարազատ էր։
1968 թվականի նոյեմբերից աշխատել է նոր հիմնված Երևանի դպրոցականների գեղարվեստական դաստիարակության քաղաքային տանը: Այս ընթացքում նա գրել և հրատարակել է բազմաթիվ հոդվածներ ժամանակակից նկարիչների և քանդակագործների մասին՝ դրանցում արդեն նախանշելով այն ուղիները, որոնցով պիտի ընթանար 20-րդ դարի երկրորդ կեսի ազգային կերպարվեստը։
Իգիթյանի ջանքերով հայտնի են դարձել երիտասարդ նկարիչների անուններ, որոնք հետագայում դարձել են ազգային արվեստի նոր ուղղությունների հիմնադիրները և հիմք դրել գեղանկարչության նոր դպրոցի։ 1960-ականները դարձել են հայ մշակույթի և արվեստի վերածննդի ժամանակաշրջան։ Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արա Սարգսյանի, Մհեր Աբեղյանի, Էդուարդ Իսաբեկյանի հզոր ներկայությամբ ձևավորվում էր մի նոր սերունդ, որն իր առաջնորդի և տեսաբանի կարիքն ուներ։
Հենրիկ Իգիթյանը դարձել է այդ սերնդի տեսաբանն ու առաջնորդը, նա կերպարվեստագիտության մեջ գոյություն ունեցող մի շարք կարծրատիպեր է կոտրել, պատկերացումներ ձևավորել արդի նկարչության մասին` պաշտպանելով ամեն մի փորձարարություն և նորարարություն։
«Երջանիկ է ոչ թե նա, ով զբոսնում է հարթ և տրորված ճանապարհով, այլ նա, ով երբեմն նույնիսկ սայթաքելով ընկնում է ու կոտրվածքներ ստանում, ամրանալով նյութի դժվարության, իր առջև դրած խնդիրների դժվարության դեմ մղած պայքարում, արվեստի նոր, անսպառ շերտերի յուրացման, ծանրամիտների քարացածության դեմ մղված պայքարում և պայքարում, որը տարվում է վերջնական համարվող տեսակետի դեմ»,- ասել է Իգիթյանը:
1970 թվականին իր կնոջ՝ Ժաննա Աղամիրյանի հետ Հենրիկ Իգիթյանը Երևանում հիմնադրել է նախադեպը չունեցող մանկական պատկերասրահ, որն արագ միջազգային ճանաչում ձեռք բերեց։ Այստեղ ներկայացված էին տաղանդավոր երեխաների ստեղծագործությունները։ Հենրիկ Իգիթյանը և Ժաննա Աղամիրյանը հայ մանուկների արևոտ ու պայծառ զգացողություններով ստեղծված աշխատանքները ցուցադրել են աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև Երևան բերել տարբեր երկրներում ապրող երեխաների ստեղծագործություններ` ձևավորելով քաղաքակրթությունների փոխանակում։ Հենրիկ Իգիթյանը համոզված էր, որ ամեն մի երեխայի մեջ նստած է տաղանդավոր անհատը, աշխարհը յուրովի տեսնող նկարիչը։ Ուստի նա հենց մանկան աչքերով պատկերվող ինքնամաքրման տանող աշխարհն էր ցուցադրում ամենուր։
1978 թվականին այս պատկերասրահը դարձնելով առանցք` Հենրիկ Իգիթյանը հիմնադրել է Գեղագիտական դաստիարակության կենտրոն, որն այժմ կոչվում է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն։ Կենտրոնն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Գորիսում, Մեղրիում, Իջևանում և Գառնիում և միավորում է բազմաթիվ գեղարվեստական ստուդիաներ:
1972 թվականի հունիսին Հենրիկ Իգիթյանի համառության և ջանքերի շնորհիվ Երևանում բացվել է Ժամանակակից արվեստի թանգարանը։ Հատկանշական է, որ նկարիչ Մարտիրոս Սարյանը և քանդակագործ Երվանդ Քոչար նրան անվճար նվիրել են ժամանակի շունչն ու ռիթմը կրող իրենց նորարարական աշխատանքները։ Այսպիսով, Ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծումը դարձել է ոչ միայն կարևոր իրադարձություն հայ արվեստի պատմության մեջ, այլև համառության և իր գործին նվիրվածության օրինակ։
1980 թվականին Հենրիկ Իգիթյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։ Նա պարգևատրվել է Մովսես Խորենացու (1999 և 2001 թթ.), Մխիթար Գոշի (2001 թ.), Խաչատուր Աբովյանի (2007 թ.), ինչպես նաև Լոս Անջելեսի համալսարանի ոսկե մեդալով:
Հենրիկ Իգիթյանը մահացել է 2009 թվականի մայիսի 11-ին՝ 77 տարեկան հասակում։