Հենրիխ Մխիթարյան. Հայ ժողովրդի հպարտությունը
21 Հունվարի 2025, 23:20

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-ամյակը։
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականին Երևանում՝ հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի և Մարինա Թաշչյանի ընտանիքում: Հոր մահից հետո Հենրիխը որոշել է գնալ նրա հետքերով և դառնալ լավագույնը ֆուտբոլային աշխարհում, ինչը նրան հաջողվել է:
Հենրիխ Մխիթարյանը եղել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը, իսկ այժմ իտալական «Ինտեր» ակումբի կիսապաշտպանն է։ Նա Հայաստանի և Ուկրաինայի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև 12 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է: 2017թվականին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանի:
Հենրիխ Մխիթարյանը կարիերան ակումբներում սկսել է «Փյունիկ» ՖԱ-ի կազմում, որտեղ չորս անգամ նվաճել է Հայաստանի պրեմիեր լիգան: 2009 թվականին տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», իսկ 2010 թվականին՝ «Շախտյոր ։ Դոնեցկի ակումբում նա 2012-2013 մրցաշրջանում խփած գոլերի քանակով ռեկորդ է սահմանել և դարձել Ուկրաինայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ուկրաինայում երեք տիտղոս նվաճելուց հետո Մխիթարյանը «Շախտյոր»-ից տեղափոխվել է գերմանական Դորտմունդ քաղաքի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 մլն եվրո է վճարել, որով Հենրիխը դարձել է դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։
2014 թվականին «Բորուսիա»-ի կազմում Հենրիխը նվաճել է Գերմանիայի Սուպերգավաթը և դարձել Բունդեսլիգայում գոլային փոխանցումների քանակով առաջատարը՝ կատարելով 15 գոլային փոխանցում: Այնուհետև նա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ դառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին հայը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Մխիթարյանը նվաճել է Անգլիայի սուպերգավաթը և հաղթական գոլը խփել Եվրոպա լիգայի եզրափակչում: 2018 թվականին նա պայմանագիր է կնքել «Արսենալ»-ի հետ, իսկ հետո վարձավճարով տեղափոխվել՝ «Ռոմա», որի հետ 2020 թվականին մշտական պայմանագիր է կնքել: 2022 թվականին դարձել է ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի հաղթող։
Հայ կիսապաշտպանը 2022 թվականի ամռանը «Ռոմա»-ից տեղափոխվել է «Ինտեր»,որի հետ նախորդ տարի պայմանագիրը երկարաձգել էր 2 տարով՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Հայաստանի հավաքականում Հենրիխ Մխիթարյանը խաղացել է 2007-2022 թվականներին՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն, 95 խաղում խփելով 32 գոլ, ինչպես նաև ձևակերպելով հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկը: 2012 և 2013 թվականներին Մխիթարյանը ճանաչվել Է ԱՊՀ տարվա ֆուտբոլիստ՝ դառնալով հետխորհրդային երկրներում այդ տիտղոսին արժանացած առաջին հայ ֆուտբոլիստը:
Հենրիխ Մխիթարյանն ունի բազմաթիվ երկրպագուներ ամբողջ աշխարհում, իսկ հայ ժողովուրդը հպարտանում է ֆուտբոլային ասպարեզում հաջողության հասած իր հայրենակցով: