Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ

22 Հունիսի 2023, 00:33

Սպորտ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմետան հայտնել է, որ 34-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է նոր պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ:

«Մխիթարյանի պայմանագիրն «Ինտերի» հետ լրանում է մեկ տարուց, սակայն մենք կզրուցենք ակումբի հետ՝ հասկանալու ակումբի ծրագրերը կապված ֆուտբոլիստի հետ:

Հիմա մենք նրան հանգիստ կթողնենք, իսկ հետո ես վստահաբար կբախեմ «Ներաձուրիների» դուռը»,- Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագի գործակալի խոսքը մեջբերում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդի գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից և անցկացրած 49 պաշտոնական խաղում դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանում նա «Ինտերի» հետ դարձավ Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր և հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։