Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է խաղադաշտ ու կատարել գոլային փոխանցում
08 Դեկտեմբերի 2025, 19:44
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձը խաղադաշտ նշել է արդյունավետ գործողությամբ։ 36-ամյա ֆուտբոլիստն «Ինտերի» կազմում մասնակցել է Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպմանը «Վենեցիայի» դեմ։
Միլանյան ակումբը վստահ հաղթանակ է տարել 5։1 հաշվով, իսկ Մխիթարյանը փոխարինման է մտել ընդմիջմանը և մասնակցել երկրորդ խաղակեսին, կատարել գոլային փոխանցում ու մասնակցություն ունեցել նաև մեկ այլ գոլային գրոհի։ Հայ կիսապաշտպանն ունեցել է նաև իրական գոլային պահ, սակայն նրա հարվածից հետո գնդակն ընթացել է փոքր շեղությամբ։
«Ինտերի» կազմում դուբլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, մեկական գոլ են խփել նրա հայրենակիցներ Անդի Դիուֆը և Անժ-Յոան Բոնին ու իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն։ «Ինտերը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ռոմա» – «Տորինո» զույգի հաղթողի հետ։