Հեռախոսով պաշտոնական հանդիպումներին ներկայանալու Փաշինյանի նախասիրությունը էթիկայի խախտում է. Վահագն Մելիքյան
07 Հունիսի 2023, 20:30
ՀՀ պետական արարողակարգի մշակման ու կայացման գործում մեծ ներդրում ունեցող, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ հեռախոսով պաշտոնական հանդիպումներին ներկայանալու նախասիրությունը՝ նշելով, որ ընդհանրապես հեռախոսի երևալը՝ լինի պաշտոնյայի ձեռքին, սեղանին կամ դիմացը դրված, համարվում է էթիկայի նորմի կոպտագույն խախտում:
«Եթե ուսումնասիրեք այլ երկրների պաշտոնյաների տեսանյութերը, ապա կարող եք տեսնել, որ որևէ մեկը հեռախոսը ձեռքին չի ներկայանում: Արարողակարգը չի ընդունում նման բան», — ասել է դիվանագետը:
Այս համատեքստում Alpha Newsroom-ի գլխավոր խմբագիրը հիշեցրել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքը, որին առաջին անգամ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը առաջնորդներին տեղափոխող միկրոավտոբուսի մեջ ինքնալուսանկար էր արել, ինչն իր հերթին, ըստ արարողակարգի մասնագետի, կարող էր անվտանգության հարց առաջացնել:
«Նրան չեն ասի՝ հեռախոսդ մի օգտագործիր, բայց պետք է նրբանկատ լինես ու հասկանաս, որ ավտոմեքենան շատ անձնական տիրույթ է: Մեքենայի մեջ երբևէ ուրիշ լուսանկարներ երևի թե չեն արվել, պատմության մեջ առաջին և երևի թե վերջինն է եղել Փաշինյանի սելֆին», — մեկնաբանել է Վահագն Մելիքյանը: