Հերհերցին միայն մեկ բան է ուզում…

08 Հունիսի 2023, 01:00

Հայեր

Artsakhtert.am-ը գրում է.

Մարտունու շրջանի Հերհեր գյուղում՝  ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում, դիմակայում են շրջափակմանը՝ ապավինելով սեփական ուժերին։  «Փառք Աստծո,  դժվարությունները ետևում են. բանջարանոցներում ու տնամերձ հողամասերում որոշ մշակաբույսերի բերքը հասունացել է, ինչը մասամբ լուծել է  բանջարեղենի դեֆիցիտի խնդիրը»,- ասում է համայնքի ղեկավար Արման Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ տարվա այս ժամանակաշրջանը գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջաններից է. սկսված է թթահավաքը,  արդեն հավաքած ու իրացրած այս կամ այն մշակաբույսի տեղը գյուղացիները ուրիշն են ցանում, խաղողայգիներում փխրեցման աշխատանքներ են իրականացվում … Եվ այս ամենը, կարելի է ասել, ոչ անվտանգ պայմաններում։

«Մարդիկ հաճախ ստիպված են լինում անտեսել թշնամու սադրանքները, քանի որ անվտանգ տեղամաս գրեթե չկա, իսկ խաղողայգիների որոշ տարածքներ գտնվում են թշնամու նշանառության տակ։  Եղել են դեպքեր,  երբ աշխատանքի պահին թշնամին կրակել է գյուղատնտեսական տեխնիկայի վրա։ 

Նման մի դեպք «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում էր, երբ մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ … Բայց ինչ էլ անեն՝ արցախցու համառությունը կոտրել չեն կարող…»,- ասաց համայնքի ղեկավարը:

Բնակչության շրջանում մեծ թիվ են կազմում խաղողագործությամբ զբաղվողները։ Վերջին ամիսներին սելավներն ու կարկուտը մեծ վնաս են հասցրել հողօգտագործողներին։ Առատ բերք չեն ակնկալում, եղածը գոնե հերիքի սեփական կարիքները բավարարելու։ 

Հերհերում տեղահանված հինգ ընտանիք է հաստատվել։  Համեմատաբար մեծաթիվ բնակչություն ունեցող համայնքը մանկապարտեզ չունի։ Բայց հուրախություն հերհերցի փոքրիկների՝ մոտ ապագայում նրանք հնարավորություն կունենան լիարժեք վայելել իրենց մանկությունը՝  առաջիկա օրերին  բացվելիք  նախակրթարանում։ 

«Արդեն քանի ամիս է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հիմնանորոգվում է ապագա մանկապարտեզի շենքը, և, հավանաբար, հուլիսին իր դռները կբացի մանուկների առջև»,- ասում է Արման Ալեքսանյանը: — Նախադպրոցական այս կրթօջախը կծառայի նաև հարևան երկու համայնքների՝  Ծովատեղի և Խերխանի երեխաներին:

Հերհերում  ներհամայնքային ճանապարհների 60%-ը սալապատված է,  գյուղը մայրուղուն կապող ճանապարհը՝ ասֆալտապատված:  

Գյուղում գործում է նորակառույց  համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև բուժկետը. այն վերանորոգվել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից: Հերհերն ապահովված է շուրջօրյա խմելու ջրով. 44-օրյա պատերազմից հետո վերագործարկվել  են արտեզյան ջրհորները։

Առօրյա հոգսերով ապրող հերհերցին միայն մեկ բան է ուզում՝ ապրել ու արարել իր նախնիների հողում, խորացնել արմատներն այնտեղ՝ սերունդներին փոխանցելով մեր սրրբացած հողակտորը։