Հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ. Կոպիրկինը՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության մասին
16 Մայիսի 2025, 11:23
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Ստալինգրադի ճակատամարտի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունների առնչությամբ։
«Թույլ տվեք ի սրտե շնորհավորել ձեզ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ, որը մենք հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ: Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն հասարակական աջակցություն ստացան: Հանրապետության բնակիչները՝ թե՛ ավագ, և թե՛ երիտասարդ սերնդի, իրենց սրտի կանչով այցելել են զինվորական հուշակոթողներ՝ հարգելու հայրենիքը պաշտպանելու մեկնած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չեն վերադարձել:

Հաղթանակի տոնի նկատմամբ հայ ժողովրդի խոր հարգանքի ֆոնին լայն վրդովմունք են առաջացրել ՀՀ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի` պատմականորեն կեղծ և սրբապիղծ հայտարարությունները՝ հիտլերյան Գերմանիայի ագրեսիայի փաստացի արդարացումով, որոնք նա հնչեցրել է այդ սրբազան օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով: Հատկապես ցավալի էր նման արտահայտություններ լսել մի մարդու շուրթերից, որը հիմա ղեկավարում է Հրամանատարաշտաբային ինստիտուտը (Ռազմական ակադեմիայի), որը կրում է Հայրենական մեծ պատերազմի փառապանծ զորավար, Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Բաղրամյանի անունը
Նման արարքը դժվար է գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք թույլ չտվեցին իրականացնել ԽՍՀՄ ժողովուրդների ստրկացման և ոչնչացման հիտլերյան ծրագրերը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «գորշ ժանտախտից», -ասված է Հայաստանում ՌԴ դեսպանի նամակում։