Հետախուզական ԱԹՍ-ների տրամադրումն ավելի շատ քաղաքական, քան ռազմական նշանակություն ունի. Քերոբյան

11 Փետրվարի 2026, 20:00

Հայեր

Հայաստանի համար հետախուզական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը կարող է ունենալ ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական նշանակություն։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

Նրա խոսքով՝ հետախուզական ԱԹՍ-ների ձեռքբերման ռազմական անհրաժեշտությունը չի տեսնում։ «Սա ռազմական կամ տեղային նշանակություն այնքան չունի, որքան քաղաքական։ Այստեղ կա քաղաքական կոմպոնենտ», — նշել է նա։

Միևնույն ժամանակ, նախկին պաշտոնյան ընդգծել է, որ կարելի է դրական գնահատել այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները՝ որպես առաջատար տեխնոլոգիական և ռազմական գերտերություն, որոշակի տեխնիկա է տրամադրում Հայաստանի նման փոքր երկրին։

Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան կողմը ռազմական ոլորտում աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։ Սակայն նա նաև մտահոգություն է հայտնել հնարավոր քաղաքական հետևանքներիվերաբերյալ։

«Նման համագործակցությունը կարող է հնարավորություն տալ ամերիկյան վարչակազմին վերանայել կամ ընդհանրապես չեղարկել 907-րդ բանաձևով սահմանված սահմանափակումները, որոնք վերաբերում են Ադրբեջանին ռազմական տեխնիկա և սպառազինություն մատակարարելուն։ Սա կարող է մեզ վրա շատ բացասական ազդեցություն ունենալ», — նշել է Քերոբյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ նա հիշեցրելէ, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ռազմածովային ուժերին մոտորանավակների մատակարարման մասին։ Նրա խոսքով՝ թեև ոմանք փորձել են համեմատել այդ մատակարարումները Հայաստանի համար նախատեսվող տեխնիկայի հետ, իրականում հարցը շատ ավելի լայն է։