Հեղափոխության արդյունքները վատն էին, մարդիկ փորձում են թոթափել այդ բեռն ու ասել, որ չեն մասնակցել դրան. Նավասարդյան
09 Հունիսի 2023, 19:03
«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է մայիսին Հայաստանում արված հարցման արդյունքները, որում ուշագրավ պատկեր է ստացվել 2018 թ. հեղափոխության մասնակցության վերաբերյալ:
Օրինակ՝ 2023 թ. հարցվածների միայն 37,4%-ն է խոստովանել, որ մասնակցել է հեղափոխությանը, մինչդեռ 2018 թ. սեպտեմբերին հարցվածների 91%-ն ասել էր, որ մասնակցել են հեղափոխությանը:
2023 թ. մայիսին հարցվածների 44,5%-ը ճիշտ է համարել ցուցարարների՝ ճանապարհներ փակելը, տրանսպորտային միջոցների տեղաշարժ սահմանափակելը, բայց 2018-ին այդ գործողություններն արդարացնող քաղաքացիների թիվը 87.1% էր:
2018 թ. սեպտեմբերին հարցվածների 45, 4%-ը դրական էր գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը, իսկ 2023-ի մայիսին միայն 5,4%-ն է լիովին դրական գնահատել Փաշինյանի գործելաոճը:
Թվերի այս մեծ տարբերությունն անսպասելի չէր «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի համար: Аlpha News-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ հեղափոխական էյֆորիայով պայմանավորված՝ նույնիսկ այդ իրադարձությունների հետ կապ չունեցող քաղաքացիները նշել են, որ մասնակցել են հեղափոխությանը:
«Քանի որ էյֆորիան մեծ էր, գայթակղություն կար ասելու, որ իրենք նույնպես մասնակցել են հեղափոխությանը: Իսկ հիմա մարդիկ հրաժարվում են իրենց կապել հեղափոխության հետ, որովհետեւ հեղափոխության, իշխանափոխության կամ էլ իշխանազավթման արդյունքները շատ վատն էին մեր ազգի համար:
Անհայտ ու անորոշ ապագա ունենալով՝ մարդիկ փորձում են թոթափել այդ բեռը եւ ասել, որ իրենք չեն մասնակցել հեղափոխությանը»,- նշեց Արամ Նավասարդյանը: