ՀՀ ԱԳ նախարարը Բլինքենի և Քեմերոնի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում
30 Նոյեմբերի 2023, 11:45
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Մեծ Բրիտանիայի գործընկեր Դևվիդ Քեմերոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, և վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց»,-հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի, որոնց համատեքստում նախարար Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։
Մեծ Բրիտանիայի գործընկեր Դևվիդ Քեմերոնի հետ քննարկվել է վերջերս մեկնարկած հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունը։
«Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, քննարկեցինք վերջերս սկսված ռազմավարական երկխոսությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին», — ասված է հաղորդագրության մեջ: