ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ ԼՂ-ից Հայաստան տեղափոխվող անձանց առևանգման վերաբերյալ
28 Օգոստոսի 2023, 20:17
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող անձանց առեւանգման վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առեւանգվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը։ Տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր եւ իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անխափան կապը։ Նշյալ անձինք Հայաստանի Հանրապետություն էին տեղափոխվում՝ շարունակելու իրենց ուսումնառությունը։
Ադրբեջանի այս քայլը, որին հուլիսի 29-ին նախորդել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է եւ բացահայտ արհամարհանք միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների աներկբա եւ հասցեական կոչերին։
Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին եւ 2020թ. ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիաներին եւ պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը։
Անկախ տարիքից, սեռից, առողջական վիճակից Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը բոլոր հիմնարար իրավունքներից զանգվածաբար զրկելու, սովամահության ենթարկելու, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումներն արգելակելու, դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց թիրախավորման եւ առեւանգումների միջոցով ողջ ժողովրդին ահաբեկելու, Լաչինի միջանցքի արգելափակմամբ նրան այս քաղաքականությունն ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության իրական նկրտումները՝ ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությունից եւ փոխարենը շարունակել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելուն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմն ակնհայտորեն իր ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղությամբ:
Տեղի ունեցող զանգվածային ոճրագործության կանխարգելումը՝ հնարավոր ողջ գործիքակազմի կիրառմամբ, իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարների եւ, ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտավորությունն է»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ադրբեջանցիներն այսօր առեւանգել են Հակարիի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցի 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին: Առեւանգման պատճառների մասին որեւէ հավաստի տեղեկություն դեռեւս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, որը մեկնում էր Երեւան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ալեն Սարգսյանին ադրբեջանցիները ուժի եւ հարկադրանքի կիրառմամբ են առեւանգվել ու անհայտ ուղղությամբ տարվել:
Ըստ նրա՝ Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից եւս 5 հոգու Ադրբեջանի սահմանապահ եւ այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից եւս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, թե ձերբակալվածները մեղադրվում են 2021 թվականին «ադրբեջանական դրոշը անարգելու» մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին էլ Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։