ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը
19 Հուլիսի 2025, 12:20
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին:
«Սպուտնիկ Արմենիա»-ն ՀՀ վարչապետի անունով պաշտոնական հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի այդ հարցում Երևանի դիրքորոշումը։ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշվում է հարցման պատասխանում։
Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկն է եղել։ 1921թ. մարտի 15-ին նա Բեռլինում գնդակահարվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանի ձեռքով: Գերմանիայի դատարանում Թեհլերյանը հայտարարել է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Գերմանական դատարանն արդարացրել է Թեհլերյանին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ համապատասխան օրինագիծը Թուրքիայի Միլի Մեջլիս է ներկայացրել թուրքական ազգայնական İYİ («Լավ») կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն, այն ստորագրել է այդ կուսակցության 28 պատգամավոր: