ՀՀ ԱԳՆ-ը չի պատասխանել Պակիստանի կողմից ՇՀԿ-ին անդամակցելու Հայաստանի հայտը արգելափակելու վերաբերյալ հարցին

01 Սեպտեմբերի 2025, 18:45

Քաղաքականություն

Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,- տեղեկացրել է խոսնակը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը։