Հայաստանի բացասական արձագանքը տարակուսանք է առաջացնում․ Զախարովա

16 Հունվարի 2025, 15:53

Քաղաքականություն

Հայաստանի չափազանց զգացմունքային բացասական արձագանքը ռուսական հեռուստաեթերում լրագրողի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին «տարակուսանք է առաջացնում», քանի որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը քաջ հայտնի է Երևանին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անկեղծ ասած, այս արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ խոսքը լրագրողի արտահայտությունների մասին է։ Մենք միշտ Երևանից լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և առավել ևս Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա դարձրել է իր հրամայականը: Դա մեկ, և երկրորդ՝ մեր պաշտոնական արձագանքը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը, քաջ հայտնի է Երևանին», — նշել է նա։