ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը կարող է վտանգել ՀՀ-ի ազգային անվտանգությունը․ Հայ Դատ

09 Օգոստոսի 2025, 13:00

Քաղաքականություն

ANCA-ն հայտարարել է, որ երեկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը կարող է վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը և փաստացի պարգևատրել Ադրբեջանին նրա ցեղասպան գործողությունների համար:

«Նույն Դոնալդ Թրամփը, որը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի 2020 թվականի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, այժմ պարգևատրում է հենց այս ագրեսիան՝ ավելի վտանգելով Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը և այդ ընթացքում աջակցելով Ադրբեջանի կողմից ավելի քան 150,000 բնիկ հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության նորմալացմանն ու օրինականացմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ սա ոչ թե խաղաղություն է, այլ նոր ագրեսիայի հրավեր։

«Իրական խաղաղությունը չի կարող կառուցվել ժողովրդի հարկադրական տեղահանման, պատանդների լքման կամ ինքնիշխանության հետքայլի վրա։ Չեք կարող խաղաղություն հռչակել՝ անտեսելով 150,000 հայերի էթնիկ զտումը և նրանց ժողովրդավարորեն ընտրված առաջնորդների ապօրինի կալանավորումը։ Դա խաղաղություն չէ, դա անպատժելիություն է՝ նոր ագրեսիայի հրավեր», — ընդգծել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Հիմա եթերում