ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ռազմական սրացումն այսօր արդիական չէ․ Հիքմեթ Հաջիև
26 Հուլիսի 2025, 19:32
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ լարվածության սրացումն արդիական չէ։ Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է. այստեղ իրական խաղաղություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ լարվածության սրացումն օրակարգում չեն։ Մնացել են միայն առանձին վիճելի կետեր, ինչը միանգամայն բնական է։ Դիվանագիտությունն ու երկխոսությունը հենց դրա համար են», — հայտարարել է Հաջիևը։
Խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի նկատմամբ վերահսկողությունն ամերիկյան ընկերություններին փոխանցելու վերաբերյալ հարցի մասին՝ Հաջիևը նշել է․
«Ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը հայկական կողմի անձնական գործն է։ Իսկ մենք մեր գործն ենք անում՝ ընդլայնում ենք տրանսպորտային կապերը, կապեր ենք հաստատում մեր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ։ Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք կցանկանայինք համատեղ զարգացնել Անդրկովկասյան տրանսպորտային միջանցքը»։