ՀՀ-ի հակառակորդների համար Եկեղեցին և Սփյուռքը մնում են գլխավոր խոչընդոտներից մեկը․ Վիգեն Հակոբյան

23 Հոկտեմբերի 2025, 16:45

Կարծիք | Քաղաքականություն

Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ այլընտրանքային կառույց, որը մեծ ազդեցություն ունի երկրի ներսում՝ հանրության վրա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ուզում է վերահսկողություն սահմանել նաև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որովհետև եկեղեցին 2018 թվականից հետո էլ ինքնուրույն քաղաքականություն է վարել, ինքնուրույն մոտեցումներ ցուցաբերել, որոնք մեծամասամբ տարբերվում են գործող իշխանության տեսակետներից, մոտեցումներից և գաղափարախոսություններից, և ամենակարևորը՝ Հայ առաքելական եկեղեցին դրա մասին գրեթե բացեիբաց խոսում է։ Ըստ էության՝ հանրային, սոցիալական, քաղաքական ինստիտուտները չեն աշխատում, և տվյալ պարագայում Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ այլընտրանքային կառույց, որը մեծ ազդեցություն ունի ինչպես երկրի ներսում՝ հանրության վրա, այնպես էլ միջազգային ասպարեզում, այդ թվում՝ կրոնական աշխարհում»,- նշել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և այսօրվա իշխանության այլ ներկայացուցիչների ակտիվությունը հակաեկեղեցական պայքարում միշտ համընկնում է արտաքին ազդակների հետ։

«Ադրբեջանական կամ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո միանգամից դրան հաջորդում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ակտիվ արշավը։ Կա ներքին պահանջ բոլոր այլընտրանքային օջախները ոչնչացնելու, իսկ մյուս կողմից կա արտաքին պատվեր զբաղվել Հայ Առաքելական եկեղեցով, որովհետև մեր երկրի հակառակորդների համար Հայ առաքելական եկեղեցին և Սփյուռքը մնում են ամենագլխավոր խոչընդոտներից մեկը և ամենագլխավոր թիրախներից մեկը»,- եզրափակել է քաղտեխնոլոգը։