ՀՀ իշխանության կողմից արցախցիների իրավունքների հարցը փակելը հանցագործություն է. Արմեն Պետրոսյան

19 Օգոստոսի 2025, 18:20

Կարծիք | Քաղաքականություն

Մենք իրավունք չունենք փակել Արցախի հարցը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի համահիմնադիր Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որով նա փաստացի հաստատեց, որ խաղաղության պայմանագրով վերջնական փակել է Արցախի հարցը:

«Արցախի հարցը զուտ հայկական խնդրի հարց չէ, դա միջազգային հարց է: Արցախի և արցախցիների նկատմամբ տեղի ունեցածը միջազգային մասշտաբի հանցագործություն է: 21-րդ դարում ցեղասպանության, տեղահանության ենթարկած ժողովրդի իրավունքները հենց այդ նույն ժողովրդի համար պատասխանատու իշխանության կողմից փակելը ևս հանցագործություն է: Արցախի հարցը պետք է «արթուն» պահել, եթե ՀՀ իշխանությունը պետական մակարդակով փակում է այդ հարցը, ապա մենք Սփյուռք ունենք: Չի կարելի նույնացնել Հայաստանի իշխանությանը և հայ ժողովրդին»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Արցախցի գործիչը, որ 2023թ. սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո հաստատվել է Երևանում, բնօրրան վերադառնալու հնարավորություն տեսնում է:

«Վերադառնալ հնարավոր է, հնարավոր է որպես ՀՀ քաղաքացի, որպես ճանաչված երկրի քաղաքացի, կամ որպես Ռուսաստանի պրոտեկտորատ: Ես դեմ չեմ լինի այդ տարբերակով Արցախ վերադառնալ»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանը օգոստոսի 18-ին ժողովրդին ուղերձ էր հղել, որում փաստացի հաստատել էր, որ խաղաղության պայմանագրով վերջնական փակել է Արցախի հարցը:

Ըստ Փաշինյանի՝ արցախցիները Հայաստանի և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։