ՀՀ իշխանությունները հասկանում են՝ Եկեղեցին այն հենասյունն է, որի հետ ժողովուրդը հույս է կապում․ հայ հոգևորականներ
19 Հոկտեմբերի 2025, 11:30
Ռուսաստանի տարբեր քաղաքների հայկական եկեղեցիների վանահայրերը դատապարտել են Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումները և հոգևորականների ճնշումներն ու ձերբակալությունները:
Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան քահանա Ավագյանը դատապարտում է բոլոր նրանց, ովքեր հարձակվում են հոգևորականների վրա և նշում, որ դրանք ավտորիտար ռեժիմի գործողությունների մի մաս են և կործանման են տանում երկիրը: Տեր հոր խոսքով՝ Եկեղեցու պաշտպանությունը համազգային առաջնահերթություն է:
Բառնաուլի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Հակոբյանը նույնպես քննադատում է թուրքական և ադրբեջանական շահերին ծառայող ՀՀ իշխանությունների գործողությունները։
«Վրդովված ենք, բայց զգոն ու միասնական: Նոր ուժով, նոր եռանդով և առավել սիրով ծառայելու ենք Երկնավոր Տիրոջը, մեր Եկեղեցուն և մեր ժողովրդին»,- նշել է նա։
Վլադիվոստոկից Տեր Արտակ քահանա Սուլթանյանը գրում է, որ հակառակորդ երկրի հոգևոր առաջնորդի կողմից պարբերաբար հնչող հակահայկական կեղծ մեղադրանքներին զուգահեռ Հայաստանում կատարվում են բիրտ գործողություններ, որոնք ակնառու կերպով հաստատում են դրանց փոխկապակցվածությունը։
«Մեր երկրի ներսում ծավալվող հակաեկեղեցական պայքարը ոչ թե ներքին օրակարգ է, այլ արտաքին, թշնամական ուժերից թելադրված։ Ուստի յուրաքանչյուր հայ պետք է այսօր խորապես գիտակցի, որ լռությունը կործանարար է հայ ժողովրդի համար, քանի որ թիրախում հայտնվել է ոչ թե մեկ հոգևորական կամ մեկ թեմ, այլ մի ամբողջ Եկեղեցի»,- գրում է տեր Արտակը:
Մոլդովայի հոգևոր հովիվ Տեր Սերովբե քահանա Պատվականյանը վերահաստատում է իր աջակցությունը կալանավորված և ձերբակալված հոգևորականներին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին և համայնքի անունից կոչ անում վերջ դնել նման ստոր արշավին:
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Քերովբե քահանա Բարսեղյանն օրվա իշխանավորներին նմանեցնում է փարսեցիների, որոնք ժողովրդին ցույց են տալիս, թե բարի գործեր են կատարում, սակայն իրականում ամենատարբեր խարդախություններով ու խորամանկություններով, արդարադատութան քողի տակ մեծ չարիք են գործում:
«Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, բայց Աստված գիտի ձեր սրտերը, որովհետև այն, ինչ մարդկանց առաջ բարձր է, Աստծո առաջ նողկալի է» (Ղուկաս 16։15),- գրում է տեր հայրը:
Տեր Աբգար քահանա Սողոմանյանը եկեղեցականների կալանավորումն ու ձերբակալություններն իշխանական վախերի հետ է կապում: Ըստ նրա՝ իշխանությունների հանդեպ ժողովրդի մեջ հասունացած հակակրանքը գնալով մեծանում է:
«Նրանք հասկանում են, որ Եկեղեցին այն հենասյունն է, որի հետ ժողովուրդը հույս է կապում, հետևաբար զարամանալի չէ, որ հոգևորականներին թիրախավորում են, առաջնորդներին չեզոքացնում, վախի մթնոլորտ ստեղծում՝ իրենց իշխանությունը պահելու համար»,- նշում է տեր հայրը: