ՀՀ իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում՝ վտանգի տակ դնելով մի ամբողջ ազգի գոյությունը․ Ռոբերտ Մարգարյան

19 Հունիսի 2024, 00:30

Քաղաքականություն

ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալի այցը Հայաստան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ԱՄՆ-ն աջակցում ու հովանավորում է Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։

«Այս օրերին Երևանում անցկացվում է հայ-ամերիկյան տեղական ժողովրդավարության ֆորում, և այն նախապես էր ծրագրավորվել։ Բայց այն, որ ամենաբարձր մակարդակով այդ ֆորումին մասնակցելու եկավ ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալը, կարծում եմ՝ կապված էր այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Գուցե ձևաչափում փոփոխություններ եղան, և այդ առիթը օգտագործվեց, որ երկրորդ անգամ արդեն բարձր մակարդակի այց եղավ դեպի ՀՀ։ Այս ամենի նպատակը շատ պարզ է հատկապես վերջին շաբաթներին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Նրանք այդ կերպ իրենց աջակցությունը հայտնեցին Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն աջակցում ու հովանավորում է այսօրվա իշխանություններին։

Այստեղ որևէ վատ բան չկա։ Եթե քաղաքականությունները հստակ լինեն, ծառայեն Հայաստանի շահերին, օգնեն մեր անվտանգության բարձրացմանը, որևէ մեկը դեմ չի լինի այդ հարաբերություններին։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ մենք ոչ թե շահում ենք, այլ վնասում ենք մեզ, քանի որ Հայաստանի իշխանությունների մոտ չկա համապատասխան համարձակություն համարժեք պատասխան տալու ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի կողմից ներկայացվող կամ մեկնվող ձեռքերին։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկու լարերի վրա խաղալ՝ այդ կերպ վտանգելով հայ ժողովրդին»,- ասաց Մարգարյանը։

Քաղաքագետը ընդգծեց՝ Հայաստանի գործող իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, ինչի արդյունքում վտանգի տակ են դնում մի ամբողջ ազգի գոյությունը։

«2020 թ-ից խոսք է գնում, որ շատ լավ կլինի՝ Հայաստանը համատեղ զորավարժություններ անի Իրանի հետ, քանի որ վերջին հաշվով Իրանն է կարողանում երաշխավորել Սյունիքի անվտանգությունը, բայց որևէ ակտիվություն այդ բնագավառում չենք տեսնում։ Եվ բնական է, որ Հայաստանի իշխանությունները մտահոգ են, թե դրան ինչպես կարձագանքեն Թուրքիան, Ադրբեջանը կամ Արևմուտքը, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը Իրանի հետ գնում է զորավարժությունների։ Սա խոսում է այն սխալ քաղաքականության և դիվանագիտության մասին, որ մեր իշխանությունները վարում են, և թե ինչ վտանգներ կարող ենք սպասել, քանի որ ինչ բարեկամ ունենք, մեզնից հեռանում են և թշնամին այդ առիթը օգտագործում է ի վնաս մեզ»,- եզրափակեց Մարգարյանը։

Հիմա եթերում