ՀՀ կառավարությունն առաջարկում է աշխատանքային միգրանտների թվաքանակի համար տարեկան քվոտաներ սահմանել
26 Նոյեմբերի 2025, 21:32
ՀՀ կառավարությունն առաջարկում է աշխատանքային միգրանտների թվաքանակի համար տարեկան քվոտաներ սահմանել։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Հայաստանում գործող օրենսդրության համաձայն՝ գործատուն կարող է աշխատանքի ընդունել օտարերկրյա քաղաքացու միայն այն բանից հետո, երբ հիմնավորի, որ տեղի բնակիչների շրջանում մասնագետ չի գտել։ Սակայն գործնականում նման բան գրեթե երբեք չի արվում․ անցյալ տարի գործատուները դա արել են ավելի քան 10 հազար դեպքից միայն տասում։
Նման պայմաններում, ինչպես նշում են ՆԳՆ-ում, միգրանտների հոսքը պետք է կարգավորի կառավարությունը։ «Կառավարությունը քվոտաներ է սահմանելու այս կամ այն տեսակի մասնագիտությունների գծով», — հայտնել է պաշտոնյան։
ՆԳՆ-ն առաջարկում է կառավարությանը լիազորություն տալ՝ ինքնուրույն սահմանելու ներդրումների շեմը, որը կացության իրավունք է տալիս։ ՍՊԸ-ների համար այդ շեմն առաջարկվում է սահմանել կանոնադրական կապիտալի 2 մլն դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ 1 մլն դրամի չափով, բայց արդեն կապիտալում ներդրումների կամ վերջին 6 ամսվա շրջանառության տեսքով։