ՀՀ կառավարությունը հաստատեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու օրինագիծը

30 Հոկտեմբերի 2025, 12:15

Քաղաքականություն

2026 թ. հունվարի 1–ից ՀՀ–ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն այսօր հավանություն ստացավ և անհետաձգելի համարվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Օրենքի փոփոխության մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի պայմանագրային ծառայության աճի հաշվին:

«Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր ի դեմս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել ու ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»,– ասված է օրենսդրական փոփոխության հիմնավորման մեջ:

Այդ պատճառով կառավարությունը նպատակահարմար է գտել շարքային կազմի 24–ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18–ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն: