ՀՀ–ն, Ադրբեջանը և Թուրքիան կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը, ԵՄ–ն կաջակցի. Կլաար

01 Մարտի 2024, 14:12

Քաղաքականություն

Հարավային Կովկասի անվտանգությունն ու զարգացումը շատ կարևոր են ԵՄ–ի համար, այդ պատճառով Եվրամիությունն աջակցություն է հայտնել ՀՀ–ին և Ադրբեջանին` լուծելու երկու երկրների միջև եղած երկարատև կոնֆլիկտը։ Անթալիայում ընթացքող դիվանագիտական ֆորումի ժամանակ այս մասին ասել էՀարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, դա մի մեծ ու մանրակրկիտ համաձայնագիր է, որը պետք է բոլոր երկրներին երկարատև ու ամուր փոխհարաբերություններ կառուցելու հիմք հանդիսանա։ ԵՄ–ն երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Խաղաղությունը պետք է ներառի ու ապահովի սահմանների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանին»,– ասել է Կլաարը։

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարմանը` նա նշել է, որ այս երկիրն իսկապես հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։

«Որպես տարածաշրջանի առաջատար երկիր` Թուրքիան ցույց է տալիս իր հետաքրքրվածությունը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև։ Այս երեք երկրները կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը»,– ընդգծել է Կլաարը։

Ըստ նրա` Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման գործում։