ՀՀ-ն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
24 Հունիսի 2024, 15:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ։
«Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։
Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասվում է հեռագրում: