Մենք Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ չենք բանակցում. ՀՀ ԱԳ նախարար

15 Մարտի 2024, 12:27

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել է՝ Հայաստանը սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ում։

«Ցավոք սրտի, այն պայմաններում, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի և ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեն փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա։ Սա հարցեր է առաջացնում հայկական կողմում։ Եվ քանի դեռ այս հարցերի պատասխանները չունենք, մեր մասնակցությունը որոշակիորեն սառեցրել ենք»,- Ազգային ժողովում այս մասին հայտարարել է Միրզոյանը։

Նա ասել է, թե Հայաստանը գերակտիվ ջանքեր է գործադրել, որ ՀԱՊԿ գործընկերների հետ ձևակերպվի այն նվազագույն փոխընդունելի ձևակերպումը, որով կարելի էր անդրադառնալ Հայաստանի հետ տեղի ունեցածին։

«Ի վերջո, տեսել ենք, որ այդ ջանքերը չեն պսակվում հաջողությամբ»,- նշել է նախարարը։

Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ մեկին հանձնելու վերաբերյալ.

«Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի: Մենք Տավուշի մարզի գյուղերը հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,- նշել է նա։