ՀՀ-ն օգնությունն ուղարկել է Սիրիային. Հալեպի նահանգապետարանն այն կբաշխի իր հայեցողությամբ.Պողիկյան

24 Մարտի 2025, 17:35

Քաղաքականություն

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Սիրիա: Հիշեցնենք, որ մարտի 20-ին Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ մարտի 21-31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկվի Սիրիա։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի հետ:

«ՀՀ կառավարության կողմից որոշում է ընդունվել մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա, իսկ որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի ու Սիրիայի համապատասխան գերատեսչությունների մեջ աշխատանքային հանդիպումների արդյունքում քննարկվել է մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը:

Օգնությունը հասել է Հալեպ ցամաքային ճանապարհով: Այն պարունակում է 80 տոննա ապրանք, մարդասիրական օժանդակություն, որոնց մեծ մասը դեղորայք է, մյուս մասը՝ առաջին անհրաժեշտության սննդամթերք: Օգնության ստացումը ստանձնել է Հալեպի նահանգապետարանը: Նահանգապետի տեղակալն ու արտաքին հարաբերությունների պատասխանատուները շնորհակալություն են հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին: Օգնությունն ուղղված է Սիրիայի ժողովրդին:

Կարծում եմ, որ նահանգապետարանը իր հայեցողությամբ Հալեպում ու այլ քաղաքներում կբաշխի այս օգնությունը»,- ասել է Զարմիկ Պողիկյանը: