ՀՀ-ն սփյուռքով ունի բարձր կշիռ, դա գիտեն նաև Թուրքիան և Ադրբեջանը․ Վարուժան Գեղամյան
13 Նոյեմբերի 2025, 23:20
Օրերս Լոս Անջելեսում անցկացվել է «Հայաստանը և տարածաշրջանն ընտրությունից առաջ» թեմայով քննարկում։ Alpha News-ը զրուցել է քննարկան բանախոս, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։
«Հատկապես 2020 թ-ից հետո կարևոր ենք համարում խոսել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև հայկական գաղթօջախներում։ Պարբերաբար այցեր ենք ունենում, ներկայացնում և՛ առկա խնդիրները, և՛ դրանց լուծման ճանապարհները։ Այսինքն՝ սա Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ընդլայնման, որոշ դեպքերում վերականգնմանն ուղղված ծրագրեր ու քայլեր են»,- նշել է Գեղամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մի կշիռ ունի առանց Սփյուռքի, և բոլորովին այլ կշիռ ունի Սփյուռքով, և սա գիտեն նաև Թուրքիան և Ադրբեջանը։
«Անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանն անդադար, հնարավոր բարձր մակարդակներում խոսել է այն մասին, որ Հայաստանի և Սփյուռքի միջև պետք է ստեղծել հնարավորինս անջրպետեր, և, ի վերջո, բերել նրան, որ Սփյուռքն ու հայկական պետականությունն իրարից կտրված լինեն։ Ինչո՞ւ է սա նրանց համար կարևոր, քանի որ հայկական պետությունը բոլորովին այլ, շատ ավելի բարձր կշիռ է ձեռք բերում իր սփյուռքի առկայությամբ»,- եզրափակել է Գեղամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում