ՀՀ-ն թափանցիկ չէ, երբ չի հայտնում Ադրբեջանի տեղեկատվական հարձակումների մասին․ Հովիկ Մանուչարյան
23 Նոյեմբերի 2024, 00:15
Հայաստանի կառավարությունը թափանցիկ չէ, երբ չի հայտնում, թե ինչպիսի ազդեցություն են ունենում Ադրբեջանի կողմից տեղեկատվական անվտանգության հարձակումները։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Տեղեկատվական անվտանգության մասնագետ Հովիկ Մանուչարյանը։
«Տեղեկատվական իմաստով հայաստանյան մամուլում հրապարակումներ կան տարբեր հարձակումների մասին, և կարող ենք դատել միայն այդ հրապարակումներից։ Հայաստանի կառավարությունը թափանցիկ չէ, թե ինչպիսի ազդեցություն են ունենում, օրինակ, Ադրբեջանի կողմից տեղեկատվական անվտանգության հարձակումները։ Մենք կարող ենք հիշատակել 2020 թվականի պատերազմի հետ կապված հրապարակումները, երբ նախարարություններից մեկի սերվերը կոտրել էին, բայց դա երբեք հասանելի չի դառնում հանրությանը, որ գոնե մենք իմանանք ինչ վնաս է հասցվել։ Բայց դատելով այդ հրապարակումներից, կարելի է եզրակացնել, որ դա շատ լուրջ մարտահրավեր է ՀՀ-ի համար, և եթե կառավարությունը դա հաշվի չառնի՝ ուրեմն կանգնած ենք լուրջ սպառնալիքի առջև»,- նշեց Մանուչարյանը։
Խոսելով ապատեղեկատվության դեմ պայքարելու մասին՝ մասնագետը ասաց․
«Ինֆորմացիոն, տեղեկատվական տիրույթը պատերազմների շատ կարևոր մաս է, և այսօր այն պատերազմներ վարելու հիմնական հարթակն է։ Ապատեղեկատվության դեմ պայքարելու միակ ձևը մեդիագրագիտությունն է։ Պետք է հասարակությանը պատրաստել, որ կարողանան ճանաչել՝ ինչ տեսակի ինֆորմացիա են ստանում և պետք է արդյոք դրան վստահել, թե՝ ոչ։ Նախ պետք է հասկանալ, ով է այդ ինֆորմացիան հրապարակել, գտնել սկզբնաղբյուրը։ Այս ամենին պետք է անդրադառնալ դեռ դպրոցական տարիքից, Կառավարությունը պետք է կրթի սերունդ, որը կկարողանա հասկանալ՝ սա ճշմարտություն է, սա՝ ապատեղեկատվություն»։