ՀՀ-ն Խամենեիի մահվան կապակցությամբ ցավակցող երկրների շարքում պետք է առաջիններից լիներ․ Շահնազարյան
02 Մարտի 2026, 20:30
ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Առաջին օրը զոհվել են Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին և նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։
Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահազարյանի հետ։
«Արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում դավաճանություն դիվանագիտության նկատմամբ։ Եթե դու բանակցում ես, կա արդյունք, բայց խախտում ես բոլոր նորմերը և հարձակում ես իրականացնում, ապա դա նշանակում է՝ դավաճանում ես դիվանագիտությանը։ Մի բան պարզ էր և հստակ․ կար որոշակի պայմանավորվածություն, որը ձեռնտու չէր Իսրայելին։ Արդյունքում Իսրայելը սադրեց, և Ամերիկայի Միացյալ Նահանգներին ներքաշեց այս պատերազմի մեջ»,- նշել է Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն Իրանի գլխավոր առաջնորդի մահը ցավակցող երկրների թվում առաջիններից մեկը պիտի լիներ։
«Սա մեծ բացթողում է ՀՀ-ի կողմից և նստվածք է թողնում տարածաշրջանային գերտերությունների պատմական հիշողությունում։ Եվ մեր կողմից հնչած հայտարարությունը ուշացված էր՝ Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ-ի կողմից հնչած հայտարարությունների ֆոնին»,- եզրափակել է Շահնազարյանը։