ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից. Մայր Աթոռ 

24 Սեպտեմբերի 2025, 19:17

Քաղաքականություն

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ակնհայտ շինծու մեղադրանքներով մեղավոր ճանաչելու դատարանի այսօրվա վերդիկտը լրջագույն հարված հասցրեց Հայաստանում արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը: 

Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից։ 

Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունն ընտրողական է և կամայական որոշումներով անթաքույց ծառայեցվում է քաղաքական քինախնդրությանը։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ապօրինի այս գործընթացը և օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը:

Աղոթում ենք, որ Տերը զորացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանին և ազատությունից ապօրինաբար զրկված բոլոր անձանց։ 

«Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա» (Սաղմ.10․8)»։