ՀՀ–ում ԵՄ առաքելության գործունեությունը ենթարկվում է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայության խնդրին. Զախարովա
26 Հուլիսի 2023, 13:27
ԵՄ դիտորդական առաքելությունը չի դարձել հայ-ադրբեջանական սահմանին բախումների համադարման միջոց։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը ենթարկվում է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման խնդրին։ Իհարկե, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում որևէ ներդրման մասին խոսք չկա»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ «իհարկե, առաքելությունը չի դարձել հայ-ադրբեջանական սահմանին բախումների լուծում»։
Նրա խոսքով՝ այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ դեէսկալացիայի հիմնական մեխանիզմներից մեկը պետք է լինի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է իր հաջորդ՝ 4-րդ հանդիպումը, որը կայացել է հուլիսի 12-ին՝ երկար ընդմիջումից հետո։
«Մենք վերահաստատում ենք կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը»,- եզրափակել է նա։