ՀՀ վարչապետն իրավունք չունի հայտարարելու՝ արցախցիները չպետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ. ԵԽԽՎ պատգամավոր
01 Հոկտեմբերի 2025, 21:15
ՀՀ վարչապետն իրավունք չունի հայտարարելու, որ արցախցիները չպետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղ, քանի որ մարդու իրավունքները պատկանում են յուրաքանչյուր անհատի: Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է ԵԽԽՎ կիպրացի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստատիուն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում:
Նշենք, որ իր ելույթում Փաշինյանը հայտարարել է՝ արցախցիների ապագան Հայաստանում է, նրանց վերադարձն անիրատեսական է և կարող է վնասել խաղաղության գործընթացին։
«Սեփական տուն ունենալու և հայրենիքում ազատ տեղաշարժվելու իրավունքը յուրաքանչյուր անհատի իրավունքն է և չի կարող շնորհվել որևէ մեկի կողմից, նույնիսկ եթե դա վարչապետն է։ Ոչ ոք չի կարող տնօրինել մարդու իրավունքները։ Ահա թե ինչու են մարդու իրավունքները տարբերվում քաղաքացիական իրավունքներից, որոնք մեզ հայտնի են. դրանք պատկանում են յուրաքանչյուր անհատի և չեն կարող փոխանցվել կամ օտարվել։ Ուստի ես լիովին համաձայն չեմ նրա հետ։ Նման հայտարարությունը չի լուծում խնդիրը։ Վաղ թե ուշ կտեսնենք, որ նման հայտարարությունները կամ մարդու իրավունքներից հրաժարվելը ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան լուծում են առկա խնդիրները։ Սա քաղաքականության ձախողում է, որը բխում է այն ենթադրությունից, թե մարդու իրավունքներից կարելի է հրաժարվել։ Երբեք մի՛ հանձնվեք»,- հայտարարել է Էֆստատիուն։
Հիշեցնենք, որ Կոնստանտինոս Էֆստատիուն այն 77 պատգամավորներից է, ներառյալ ԵԽԽՎ ղեկավարը, որոնք Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարվել: