ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

16 Հունվարի 2025, 11:30

Քաղաքականություն

Հունվարի 15-17-ը աշխատանքային այցով Բրյուսելում է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։

Քննարկվում են կլիմայի փոփոխության, համատարած անկայունության, նորահայտ և քայքայիչ տեխնոլոգիաների, հիբրիդ և կիբեռ սպառնալիքների դարաշրջանում կենսապահովման կրիտիկական ենթակառուցվածքների դիմակայունությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին գործընկեր պետությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։