Հիմա, երբ Թրամփն իր անունն է տվել «Զանգեզուրի միջանցքին», այն մոտ ապագայում կիրականացվի. Ալիև

27 Օգոստոսի 2025, 11:48

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատշաճ ուշադրությամբ» է վերաբերվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իրենց մտահոգություններին։

«Գրեթե հինգ տարի տևած բանակցային գործընթացում Հայաստանը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել մեր պահանջներին կամ օրինական խնդրանքներին։ Ուստի, երբ նախագահ Թրամփը և նրա թիմը ներգրավվեցին այդ գործընթացում և ցանկացան նպաստել դրա առաջխաղացմանը, մենք նրանց փոխանցեցինք հետևյալը՝ ««Զանգեզուրի միջանցքի» գործարկման և Ադրբեջանի այն քաղաքացիների անվտանգության համար, որոնք կկարողանան անվտանգ անցնել այդ քառասուն կիլոմետրից ավելի երկարությամբ երթուղին, պետք է ապահովվեն հուսալի անվտանգության երաշխիքներ, միջազգային անվտանգության երաշխիքներ։ Միայն Հայաստանի կողմից անվտանգության երաշխիքները բավարար չեն լինի։

Թրամփի վարչակազմը պատշաճ ուշադրությամբ է վերաբերվել մեր արդարացված մտահոգությանը։ Այսպես ստեղծվեց TRIPP-ը, կամ «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump’s Route for International Peace and Prosperity»)։ Այժմ, երբ նախագահ Թրամփն իր անունն է տվել «Զանգեզուրի միջանցքին», ես վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքի կառուցմանը, նկատի ունեմ երկաթուղին, դա երկար չի տևի, քանի որ երթուղու երկարությունը ընդամենը 42 կմ է։ Եթե մենք կառուցեինք այն, մենք դա կանեինք մեկ տարում, քանի որ երկաթուղու կառուցման ավելի մեծ փորձ ունենք։ Իսկ Հայաստանին, հնարավոր է, մի քանի տարի պահանջվի»,- հայտարարել է նա։

Ալիևը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունները տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ։ «Կարծում եմ՝ սա իսկապես հակամարտության, պատերազմի ավարտն է։ Խաղաղության պայմանագիրը պաշտոնապես չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրությունում դեռևս կա մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- հավելել է նա։

Հիմա եթերում